Էրբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուներից են.

Արձանագրություն քարին:

Արձանագրված մակերեսի չափը՝ 59 33 սմ, տողի բարձրությունը՝ 3 սմ: Արին բերդ:

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/AchaemenidGoblet02.jpg/200px-AchaemenidGoblet02.jpg

Եղջերագավաթ, արծաթե, նժույգի առաջամասով, պատրաստված երկու մասերից և իրար է միացված զոդման միջոցով: Լայն բերանի եզրը թեթևակի ծալված է: Գավաթի իրանը զարդարված է ուղղահայաց ակոսիկներով: Ներքևի հատվածը նժույգի առաջամասն է՝ կրծքին սեղմած ոտքերով: Նժույգի քաշը ճակատի վրա պատկերված է կարճ մազափնջի տեսքով, որը երկու ալիքաձև բաշերի նման իջնում է վզի երկու կողմերից: Նժույգի դնչին կա սանձ, որը պատրաստված է փոքրիկ օղակներից: Կրծքի վրա պատկերված է կախված զանգակ, որի տակ գտնվում է հեղուկի հեղման համար նախատեսված անցքը: Եղջերագավաթը արտահայտում է Միտրա աստծու կենդանակերպ պատկերը:

  • Բարձրություն՝ 20 սմ, ստորին մասի երկարություն՝ 21սմ
  • Լայնություն՝ 14 սմ, քաշը՝ 1,6 կգ
  • Երևանի Նոր Արեշ թաղամասից
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Achaemenid_Goblet_Erebuni.JPG/200px-Achaemenid_Goblet_Erebuni.JPG

Եղջերագավաթ, արծաթե, հեծյալի տեսքով, երկար աղեղնաձև լայնափողով և փոքր առաջամասով: Նժույգը նստած վիճակում է, ունի լավ արտահայտված սմբակներ, կարճ բաշ, ընդգծված երասանակ: Թամբատակի թաղիքը ետևի կողմում ունի աստիճանավոր ելուստներ և աղեղնաձև զարդեր: Թաղիքի վրա պատկերված են դեմ դիմաց նստած այծեր և ցուլ: Հեծյալի հագին կա ներքևում նեղացող անդրավարտիք, կարճ թևքերով մարմնին կիպ նստող վերնազգեստ: Ուղիղ նստած մորուքավոր հեծյալի գլխին կա բարձր գլխարկ, որի երկու կողմերում պատկերված են թռչուններ: Աջ կողքից կախված է աքինակը: Նժույգի առջևի երկու ծնկներին և կրծքին կան անցքեր[3]

  • Բրձր.- 46սմ, ստորին մասի երկ.-28 սմ.
  • լայն.- 14սմ, քաշը -1.8 կգ:
  • Երևանի Նոր Արեշ թաղամասից:

Կարաս, կավե, դարչնագույն, թեթևակի ուռուցիկ նեղ հատակով, դեպի վեր լայնացող ձագարաձև իրանով, վերևի կեսում՝ ուռուցիկ ուսերով, որոնք նեղանալով կազմում են հարթ կտրված և դուրս փռված շուրթը: Շուրթի տակ՝ մեկ, ուսին երկու ոլորած պարանի զարդագոտիներ են, որից ներքևի ուռուցիկ գոտու վրա ներճկված անկանոն եռանկյուններ են: Վզին՝ երեք ակարկի և գոտու վրա չորս տիրուսի տարողության նշաններն են:

  • Բրձր.-1.75մ., իրանի տր.-1.16մ, բերանի տր.-68 սմ:
  • Արին բերդ:

Սափոր, ծիսական, կավե, ցլի գլխի երեք արձանիկներով, կարմիր, անգոբապատ, փայլեցրած, տեղ-տեղ՝ սև: Սափորն ունի օղակաձև լայն նստուկ, փքուն իրան, կլորավուն, լայն դեպի ներս ճկված ու հորիզոնական դիրքով դրված ակոսավոր շուրթ, շուրթին՝ ցլերի երեք գլուխներ: Իրանի վերին կեսը զարդարված է 2 հորիզոնական ակոսով, որից վեր՝ շղթայաձև փորագիր զարդագոտիով, ուսին՝ ուռուցիկ գոտիով: Ցլերի գլուխները երկու կոտոշով են, ակոսավոր գծերով արված աչքերով և ռունգերով:

  • Բրձր.- 30.5 սմ, բերանի տր.-18 սմ, իրանի տր.-40 սմ: